Հայկական փայտարվեստ

Ժողովրդական մշակույթի այս ճյուղիՙ փայտարվեստի շատ արժեքավոր նմուշների հավաքածո Երեւանում կարելի է տեսնել հիմնականում երկուՙ փայտարվեստի եւ ժողարվեստի թանգարաններում: Իբրեւ շուտ ոչնչացող նյութ, փայտը վաղ անցյալում իրենից ստեղծված իրերի մասին քիչ վկայություններ է թողել: Մեզ հասած փայտե առարկաներից, որոնց վրա մարդն իր պատկերավոր մտածողության հետքն է թողել, Սեւանի Լճաշենի պեղումնաբանական գտածոներից մ. թ. ա. 2-րդ հազարամյակով թվագրված սայլն էՙ հավերժության նշանի, կենաց ծառի փորագրություններով, որը վերականգնված պահպանվում է պատմության թանգարանում: Այստեղ են գտնվում նաեւ Սեւանի Առաքելոց վանքի խոյակները, Սեւանի երկու եկեղեցիների դռներըՙ զարդարված թռչնակերպ ու կենդանակերպ պատկերներով, Մշո Առաքելոց վանքի դուռըՙ պատրաստված կաղնեփայտիցՙ բարձրարվեստ փորագրությամբ:

Այդ կենսական անհրաժեշտություն փայտանյութը

Հնագույն շրջանից մարդ-արարածն ունեցել է ծառի պաշտամունք: Հին հույներն անտառի աստվածություն են ունեցել: Այծոտն, մորուքավոր ու պոչավոր, մազակալած Պանը հովանավորում էր անտառներն ու բացատները: Հինավուրց Գալիայում, Իռլանդիայում եւ Բրիտանիայում դրուիդներըՙ կելտերի հնագույն հավատամքների ու սովորույթների անվանդական հետնորդ քրմերը, ապրում էին անտառներում ու սրբություն էին համարում ծառերը: Մարդկային բնավորությունները նրանք զուգորդում էին ծառերի հետ, ու դրուիդների հորոսկոպում մարդկանց խառնվածքներն ըստ համապատասխան ծառատեսակների էին մեկնաբանվում: Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ հիշատակում է, որ Արմավիրում գտնվող Սոսյաց անտառների տերեւների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում: Գրեթե բոլոր ժողովուրդների մոտ ծառատունկն օրհնված գործ է եղել: Անտառըՙ մարդու կենսական գոյությունն ապահովող ամենաանհրաժեշտ բնամիջոցներից մեկն էՙ ամենաթանկ կենսանյութիցՙ թթվածնից մինչեւ կենցաղային տարբեր կարիքները եւ գեղագիտական պահանջները բավարարող փայտի իրերն ու առարկաները: Կավի հետ փայտն էլ մարդուն ուղեկցել է դեռ քարանձավային շրջանից: Մարդու պրպտող միտքը հետագայում գտավ ու կիրառել սկսեց բազմազան շատ այլ նյութեր ու էլեմենտներ, սակայն փայտը էկոլոգիական մաքրությամբ, նաեւ բուժական նշանակությամբ, բակտերիասպան ու օգտակար մյուս հատկանիշներով մնաց անգերազանցելի եւ ամենահումանիստական նյութը: Այսպես է մտածում նաեւ նյույորքաբնակ արձանագործ Մարտին Կակոսյանը, որի պապը տոհմիկ գյումրեցի բրուտագործ էր ու ինքն էլ կավի հետ վաղուց բարեկամացած. «Շատ հնուց լաստեր էին փայտից պատրաստում հեռավոր վիկինգներն ու շատ այլ ցեղեր, հետո նավագնացությունը զարգացավ: Չմոռանանք, որ Նոյի հայրենիքում ենք ապրում, ու Տապանը փայտի մեծ գերաններից էր պատրաստված: Փայտի հետ ենք մեր սկզբից, մանկության օրորոցից մինչեւ մեր վերջին օրը: Ուզում եմ հիշել մեր ժամանակների ամենահումանիստ մարդկանցից մեկիՙ Հովհաննես Պողոս II պապիՙ մահից առաջ ասված խոսքերը. «Ինձ պարզ եղեւնափայտի արկղի մեջ դրեք», ու այդպես էլ եղավ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *